ՇԻՐԱԶ: «...ուզում եմ իմ հին խորհուրդներս վերաշշնջալ քեզ,քո սրտի ականջին,քո պոետական բախտի ականջին,քո նավաբեկյալ հույսի ականջին...Մի'հուսահատվիր,որ գիրքդ չի հաղթում բթամտությունը, որն այսօր գլխավոր խմբագիր է,մի' իջիր ձիուցդ,որ մորուց է քեզ ընծայված բարի բնության անդաստանից,մի' թողնի լեռան տակ քո տաղանդի ոսկե հանքը,տքնաջանիր,հանի'ր ասում եմ և բախտդ գրչիդ արծվամագիլով կհանի չար ու կույր բթամտության աչքը... և սիրտը:Քո գրչի եղբայր՝Հովհաննես Շիրազ՝1960թ.,Երևան»:

ՇԻՐԱԶ: «Կեցցե'ս,Արտաշես,քառյակներիցդ շատերը ես էլ կուզեի գրած լինել:Ոնց որ սրտի հանքից պոկված ոսկու երակ լինեն»:

ԼՅՈՒԴՎԻԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ(բան. գիտ.դոկ-պրոֆ): «Մինչև այսօր ինչպես հարկն է չեն արժեքավորվել Յավրիյանի հատկապես մեր դժվար ժամանակների ցավերից ու հոգսերից և դրանք տագնապի ահազանգերով, նաև հուսո ու հավատի այրող, թեժ զգացումների պոռթկումով հյուսված հարյուրավոր քառյակները,որոնք ժամանակի ,ժողովրդի ճակատագրի ու բացվող դարի հանդեպ հայրենախոս բանաստեղծի հուզախռով տարերքն են փոխանցում մեզ, նաև սրտի բարի ու « տաք մեղմէրոցով»:

ԼՅՈՒԴՎԻԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ(բան. գիտ.դոկ-պրոֆ): «...Յավրիյանի «Սասնա Դյուցազունքը հայ դյուցազնավեպի ժողովրդական զուլալ,անխառն պատումից հրաշապատումներից ու տարբեր ժամանակներում գրառված առանձին տարբերակներում տեղ գտած արհեստական, էպոսի բուն ակունքներից չբխող շերտերից հիմնականում ազատազերծված և այդ ակունքներին հարազատ տարերքով հյուսված մնայուն երկ է...»:


ԼՅՈՒԴՎԻԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ(բան. գիտ.դոկ-պրոֆ): «...Արտաշես Յավրյանը շարունակում է «լուռ» հնչեցնել ժողովրդական քնարը՝դարավերջի տասնամյակների մեր պոեզիայի մայրուղում բացելով ինքնատիպ իր հերկը՝կարոտ արժեքավորման ու ճշմարիտ գնահատականի»:

ՖԵԼԻՔՍ ՄԵԼՈՅԱՆ: «Ժողովրդական վճիտ ու խորունկ երգը,որի հմայքի հաղորդումը գրչին նպատակ է դարձրել Յավրյանը,ընթերցողին է հասնում գրեթե անկորուստ՝մտածողությունն է պահպանված և բառամթերքը»:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 Արտաշես Յավրյանը (Յավրիյան) ծնվել է 1932 թ օգոստոսի 28-ին Գանձակի գավառի Փիփ գյուղում ( այժմ Ադրբեջանի Դաշքեսանի շրջանի Զագլիկ գյուղում): Միջնակարգ կրթությունը ստացել է Գանձակում (նախկին՝ Կիրովաբադում):
1954թ. Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը և աշխատանքի անցել Կոտայքի շրջանում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ:
1958 թվականից ի վեր աշխատել է որպես լրագրող:
1976 թվականից աշխատել է «Հայաստան» հրատարակչությունում:
Ստեղծագործել է , թարգմանել: Զբաղվել  բանահյուսության ուսումնասիրությամբ,ինչը  եղել է նրա ողջ կյանքի տարերքը::Նրա երկար տարիների աշխատանքի պսակը,իհարկե, «Սասնա Դյուցազունքն» է:

Մահացել է 2009թվականի հունիսի 30-ին:


ԱՐՏԱՇԵՍ ՅԱՎՐՅԱՆԻ ԳՐՔԵՐԸ


1. Օջախի ծուխը (պոեմ), 1971
2. Ակունքներ, 1980
3. Առյուծաձև Մհեր, 1985
4. Դյուցազունք Սասնա, 1990
5. Այգեքաղ, 1992
6. Ժամանակի հորձանուտում, 1992
7.Սասնա դյուցազունք 2003
8. Աղետավոր իմ դար, 2006
9. Երկեր, 2010


PS:
Նրա մահից հետո  թվում է , թե հեռացավ վերջին մոհիկաններից մեկը մտավորականության  այն սերնդի, որ իր ողջ կյանքն ապրեց համեստ,  և բիբլիական մաքրությամբ:Դա կարող է վկայել յուրաքանչյուրը, ով ճանաչում է նրան:
Այս կայքը իմ երկխոսությունն է հայրիկիս հետ: Ես միշտ նրան հիշում եմ խոշորացույցով գիրք կարդալիս, ճիշտ  այնպես, ինչպես այստեղ տեղադրված նկարներից մեկում. նա տեսողության լուրջ  խնդիր ուներ և խոշորացույցը  նրա ողջ կյանքի, աշխատանքի  անբաժանելի և անփոխարինելի  ընկերն  էր.
Աչքեր ունեմ, լույս չկա,
Դեղ-դարմանի հույս չկա,
Հենց ցավի եմ տիրացել,
Որ իմ սրտից դուրս չի գա:

Ես դպրոցական հասակում,երբեմն, իմ խելքով փորձում էի նրան օգնել,համոզում էի  միասին  ընթերցել այն, ինչ իրեն հետաքրքրում է ,ավաղ, տարիների բարձունքից  միայն հասկանալով, որ այդ ժամերը ինձ ակամա տվեցին ոչ միայն զուտ գիտելիքներ, այլ ավելին՝ անբացատրելի, անորսալի ինչ-որ մի բան , ինչը խմբագրեց կերտեց՝ դաստիարակեց ...
Մեր վերջին հանդիպման ժամանակ, երբ արդեն վատառողջ էր, ասաց.«Գայանե, ես մահից չեմ վախենում, յոթանասունից հետո  ապրածս տարիները իմ «փափախն» են, ես միայն  վախենում եմ մոռացումից և ափսոսում, որ վերջին գիրքս այդպես էլ չեմ հասցնի  տեսնել»: «Երկերը» ժողովածուն   լույս տեսավ ,ցավոք, մահից մեկ տարի անց, իսկ ինչ վերաբերում է մոռացմանը...
Գիտե՞ք,  եթե նա ունենա թեկուզ մեկ շնորհակալ ընթերցող տարբեր ժամանակներում , բավական է, որ նա  չմոռացվի...
Ասեմ՝  ինչով եմ ապրում, 
Հավք եմ, քչով եմ ապրում,
Խիղճն անմաքուր մեր դարում 
Մաքուր խղճով եմ ապրում...(Ա.Յ.)

Комментариев нет:

Отправить комментарий