ՇԻՐԱԶ: «...ուզում եմ իմ հին խորհուրդներս վերաշշնջալ քեզ,քո սրտի ականջին,քո պոետական բախտի ականջին,քո նավաբեկյալ հույսի ականջին...Մի'հուսահատվիր,որ գիրքդ չի հաղթում բթամտությունը, որն այսօր գլխավոր խմբագիր է,մի' իջիր ձիուցդ,որ մորուց է քեզ ընծայված բարի բնության անդաստանից,մի' թողնի լեռան տակ քո տաղանդի ոսկե հանքը,տքնաջանիր,հանի'ր ասում եմ և բախտդ գրչիդ արծվամագիլով կհանի չար ու կույր բթամտության աչքը... և սիրտը:Քո գրչի եղբայր՝Հովհաննես Շիրազ՝1960թ.,Երևան»:

ՇԻՐԱԶ: «Կեցցե'ս,Արտաշես,քառյակներիցդ շատերը ես էլ կուզեի գրած լինել:Ոնց որ սրտի հանքից պոկված ոսկու երակ լինեն»:

ԼՅՈՒԴՎԻԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ(բան. գիտ.դոկ-պրոֆ): «Մինչև այսօր ինչպես հարկն է չեն արժեքավորվել Յավրիյանի հատկապես մեր դժվար ժամանակների ցավերից ու հոգսերից և դրանք տագնապի ահազանգերով, նաև հուսո ու հավատի այրող, թեժ զգացումների պոռթկումով հյուսված հարյուրավոր քառյակները,որոնք ժամանակի ,ժողովրդի ճակատագրի ու բացվող դարի հանդեպ հայրենախոս բանաստեղծի հուզախռով տարերքն են փոխանցում մեզ, նաև սրտի բարի ու « տաք մեղմէրոցով»:

ԼՅՈՒԴՎԻԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ(բան. գիտ.դոկ-պրոֆ): «...Յավրիյանի «Սասնա Դյուցազունքը հայ դյուցազնավեպի ժողովրդական զուլալ,անխառն պատումից հրաշապատումներից ու տարբեր ժամանակներում գրառված առանձին տարբերակներում տեղ գտած արհեստական, էպոսի բուն ակունքներից չբխող շերտերից հիմնականում ազատազերծված և այդ ակունքներին հարազատ տարերքով հյուսված մնայուն երկ է...»:


ԼՅՈՒԴՎԻԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ(բան. գիտ.դոկ-պրոֆ): «...Արտաշես Յավրյանը շարունակում է «լուռ» հնչեցնել ժողովրդական քնարը՝դարավերջի տասնամյակների մեր պոեզիայի մայրուղում բացելով ինքնատիպ իր հերկը՝կարոտ արժեքավորման ու ճշմարիտ գնահատականի»:

ՖԵԼԻՔՍ ՄԵԼՈՅԱՆ: «Ժողովրդական վճիտ ու խորունկ երգը,որի հմայքի հաղորդումը գրչին նպատակ է դարձրել Յավրյանը,ընթերցողին է հասնում գրեթե անկորուստ՝մտածողությունն է պահպանված և բառամթերքը»:

.«ԱՌԱԿՆԵՐ» ՇԱՐՔԻՑ





ԷՋԸ  ԼՐԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ Է...


ՀԱՃՈՅԱԽՈՍԸ ԵՎ  ՆՐԱ ՎԿԱՆ



-1-
Հոպոպն աղավնուն
Հյուր տարավ իր տուն,
Հյուր տարավ ու մեծ
Ճաշկերույթ տվեց.
Առաջին կենաց
Բաժակի վրա
Ողջունեց սրտանց
Գալուստը նրա:
-Բարով եք եկել, հարգարժան ընկեր,
Ձեր ազնիվ վարքը, ձեր խաղաղ բարքը
Օրինակ է միշտ ամեն հոպոպի,
Ահա թե ինչու, չկա մի թռչուն,
Որ զգա մեր պես ձեր սիրտն ու հոգին:
Թող հանդիպումը, այս կերուխումը
Երկու հավքերիս դաշինքը կոփի...
 -2-
Այսպես հոպոպը գլուխ էր տանում,
Իսկ բնի հոտը մարդ էր սպանում:
Աղավնին անխոս ուզեց դուրս թռչել,
Դաշտ ու անտառի մաքուր օդ շնչել,
Հոպոպն այդ զգաց ու տվեց մի հարց.
Ափսո՜ս, մեկնում եք, գոնե չե՞ք ասի,
Ի՞նչ կարծիք ունեք դուք մերոնց մասին:
Բարի աղավնին այս տհաճ հարցին
Չէր էլ սպասում, բայց ասաց խոսքեր,
Որ նման դեպքում հյուրերն են ասում.
- Ինձ դուր են գալիս ձեր տունն ու տեղը,
Ձեր համեստ ցեղը...
Շատ եք հյուրասեր, շատ եք մաքրասեր,
Ձեր համբավը մեզ վաղուց է հասել...
-3-
Դե, հոպոպին էլ այդ էր հարկավոր,
Շտապեց դիմել հավքերին բոլոր.
-Ուշադրությու՜ն, ուշադրությու՜ն,
Հոպոպստանից խոսում է կկուն,
Աղավնասարից հյուր է իմ տանը
Մեր ժամանակի մեծ գիտնականը:
Լսեցեք նրան, տեսեք, թե ինքը
Ոնց է հասկանում մեր արժանիքը.
Այն օրից ինչ մենք աշխարհ ենք ընկել,
Չենք լսել այսքան ճշմարիտ մտքեր:







ՈՉԽԱՐԸ
(առակ)

Գայլն աչքը գցեց ոչխարի աչքին,

Իր պոչով զարկեց նրա դմակին,

Բռնեց ձոր տանող նեղ արահետը,

Ոչխարն էլ՝ հետը:

Նա զոհին տարավ, մութ ծմակ հանեց,

Սուր ժանիքներով բուկը աքցանեց:

Երբ վերջին շնչում ոչխարն էր հևում,

Տերը երևաց գլխավերևում.

–Գիտուն տիրոջից խրատ չես առնում,

Որ գել  գազանի բաժին ես դառնում:

Ոչխարն անտարբեր նայեց ու տնքաց.

–Է՜,այն օրից է իմ բախտը ծռվել,

Որ իմ խեղճ մորից ոչխար եմ ծնվել,

Ինձ համար մեկ է, թե ով է սոված,

Նա ինձ հում կուտի,իսկ դու՝խորոված:

  
ՋՈՐԻՆ                                     
(առակ)

Թեև նա ուներ իշային ծագում,
Շուտ ընտելացավ ձիերի բարքին,
Ախոռ գրավեց առաջին շարքում,
Դարձավ տնօրեն մի երամակի:
Սանձեր ունեին ձիերը բոլոր,
Ջորին էր ազատ թոկ ու սանձերից,
Թե տուժած մի ձի նայում էր խոլոր,
Կանգնում  ախոռին, զրկում էր կերից:
Ձիերը  ցասկոտ վրնջում էին,
Գետինը ոտքով անհանգիստ փորում,
Բայց քացի տալու շնորհք չունեին,
Դա հատուկ էր լոկ խառնածին ջորուն:

ԱՍՏԾՈՒ ՏՎԱԾ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ
  ( առակ )

Աղքատը խեղճ ոչինչ չուներ,
Եղած-չեղած՝ մի էշ ուներ.
Աստված ուզեց մի դուռ բանա,
Որ մարդը խեղճ
Իր կյանքի մեջ
Գոնե մի օր ուրախանա:
Երբ աշունքին մի առվի մոտ
Էշն ընկել էր կանաչ արոտ,
Աստված վերից , որ նկատեց,
Սար ու ձորը թխպով պատեց:
Հանդերն ընկավ էշի տերը,
Պտիտ եկավ ողջ գիշերը,
Մինչև թուխպը քաշվեց, անցավ,
Մութն էլ մաշվեց ու լուսացավ:
Մի ծառի տակ, սարի փեշին,
Տերը տեսավ կորած էշին.
Ուրախացավ...



սեղմի'ր նկարի վրա՝ այն մեծացնելու համար












***
Անկախության կոչ արին
Տավարին ու ոչխարին,
Սրանք հոգնած տերերից
Ու թերարժեք կերերից,
Թողին մսուր- բանտերը,
Ելան կանաչ հանդերը:
Գել ու գազան պատ ընկան՝
Ժանիքներով ժնգժնգան,
Հերթով գետնին զարկեցին,
Մեծ կերուխում սարքեցին:


***
Ալրափոշին ամպ է դրել՝
Ջրաղացում զամբ է դրել,
Տերն անգետ է...ձին փալանել,
Էշի վրա թամբ է դրել:
Ձին աղուն է տանում-բերում,
Ճամփին տնքում ու սրտնեղում,
Էշն էլ՝ ուտում էշավարի,
Թավալվում է մոխրի թեղում: 




ՄՐՑԱՎԱԶՔ

Ձին կանգ առավ առվի եզրին
Ու երկարեց դունչը ջրին,
Ճղփոց լսեց, քաղեց ոտը,
Առվի միջից ձայնեց գորտը.
-Հը', վախեցա՞ր... ա՜յ քեզ հսկա,
Տաք ես փչում մեծերի մոտ,
Քաշդ ի՞նչ է, որ ինձ հեգնես,
Կամ էլ ինձ հետ ոտդ մեկնես...
- Որ այդպես է, ո'վ դյուցազուն,
Համբավ ունես վազքի մարզում,
Արի վազենք արագ թափով,
Արի վազենք առվի ափով,
Էն ժամանակ դու կիմանաս
Ով է մեզնից արագավազ:
-Համաձայն եմ քո ասածին,
Երբ կամենաս,- խրխնջաց ձին:
Գորտը ջրի հոսանքն ի վար
Շարեց թաքուն քույր ու եղբայր,
Թե որ ձայն տա իր մրցորդը,
Արձագանքի մոտիկ գորտը:
Ու երբ դարձավ օրն իրիկուն
Սրանք մտան վազքի մրցում:
Ինչքան վազեց ձին փրփրած,
Իր առջևում մի գորտ կռռաց.
Էլ չիմացավ խեղճ անմիտը,
Թե ոնց ընկավ, ճաքեց սիրտը:
Հեչռից նայեց, խնդաց գորտը,
-Այ վերջանա ձերոնց սորտը,
Գլուխդ՝ մեծ, խելքդ՝ պուճուր,
Ո՞ւր ես վազում շնչակտուր,
Ո'ր անխելն էլ քեզ պես վազի՝
Ոտքերը շուտ վեր կպարզի...




Комментариев нет:

Отправить комментарий