ՇԻՐԱԶ: «...ուզում եմ իմ հին խորհուրդներս վերաշշնջալ քեզ,քո սրտի ականջին,քո պոետական բախտի ականջին,քո նավաբեկյալ հույսի ականջին...Մի'հուսահատվիր,որ գիրքդ չի հաղթում բթամտությունը, որն այսօր գլխավոր խմբագիր է,մի' իջիր ձիուցդ,որ մորուց է քեզ ընծայված բարի բնության անդաստանից,մի' թողնի լեռան տակ քո տաղանդի ոսկե հանքը,տքնաջանիր,հանի'ր ասում եմ և բախտդ գրչիդ արծվամագիլով կհանի չար ու կույր բթամտության աչքը... և սիրտը:Քո գրչի եղբայր՝Հովհաննես Շիրազ՝1960թ.,Երևան»:

ՇԻՐԱԶ: «Կեցցե'ս,Արտաշես,քառյակներիցդ շատերը ես էլ կուզեի գրած լինել:Ոնց որ սրտի հանքից պոկված ոսկու երակ լինեն»:

ԼՅՈՒԴՎԻԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ(բան. գիտ.դոկ-պրոֆ): «Մինչև այսօր ինչպես հարկն է չեն արժեքավորվել Յավրիյանի հատկապես մեր դժվար ժամանակների ցավերից ու հոգսերից և դրանք տագնապի ահազանգերով, նաև հուսո ու հավատի այրող, թեժ զգացումների պոռթկումով հյուսված հարյուրավոր քառյակները,որոնք ժամանակի ,ժողովրդի ճակատագրի ու բացվող դարի հանդեպ հայրենախոս բանաստեղծի հուզախռով տարերքն են փոխանցում մեզ, նաև սրտի բարի ու « տաք մեղմէրոցով»:

ԼՅՈՒԴՎԻԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ(բան. գիտ.դոկ-պրոֆ): «...Յավրիյանի «Սասնա Դյուցազունքը հայ դյուցազնավեպի ժողովրդական զուլալ,անխառն պատումից հրաշապատումներից ու տարբեր ժամանակներում գրառված առանձին տարբերակներում տեղ գտած արհեստական, էպոսի բուն ակունքներից չբխող շերտերից հիմնականում ազատազերծված և այդ ակունքներին հարազատ տարերքով հյուսված մնայուն երկ է...»:


ԼՅՈՒԴՎԻԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ(բան. գիտ.դոկ-պրոֆ): «...Արտաշես Յավրյանը շարունակում է «լուռ» հնչեցնել ժողովրդական քնարը՝դարավերջի տասնամյակների մեր պոեզիայի մայրուղում բացելով ինքնատիպ իր հերկը՝կարոտ արժեքավորման ու ճշմարիտ գնահատականի»:

ՖԵԼԻՔՍ ՄԵԼՈՅԱՆ: «Ժողովրդական վճիտ ու խորունկ երգը,որի հմայքի հաղորդումը գրչին նպատակ է դարձրել Յավրյանը,ընթերցողին է հասնում գրեթե անկորուստ՝մտածողությունն է պահպանված և բառամթերքը»:

«ԱԿՈՒՆՔ ՀԱԶԱՐԱՆ» ՇԱՐՔԻՑ

 

ԷՋԸ  ԼՐԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ Է...


ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅԱՆ  ՄՈՏԻՎՆԵՐՈՎ ԳՐՎԱԾ   ԽԱՂԻԿՆԵՐ, ԿԱՏԱԿԵՐԳԵՐ,  ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ  ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԵՐԳԵՐ, ՄՇԱԿՈՒՄՆԵՐ 

դրանցից շատերը արդեն  երգվում են...




ԽԱՂԻԿՆԵՐ
  

***   

Անմեղին շառ մի անի,

Հետևից քար մի անի,

Փուչ խոսքի պարան կապած՝

Մեղքերդ շար մի անի:

*** 

Արևի շող, վարդի թեր,

Ծաղկի սովոր իմ թիթեռ,

Աղջիկ էիր թռվռան,

Քեզ ո՞վ արեց դարդի տեր:



***

Սարոտ տեղը կիրճ կլինի,

Քարոտ տեղը խիճ կլինի,

Ընկած մարդուն ցավողը շատ,

Օգնող ձեռքը քիչ կլինի:



***

Արցու՞նք է, թե՞ շաղ է սա,

Ուրիշ տեսակ  դաղ է սա,

Ես քեզ սիրեմ, դու՝ նրան,

Բախտի ծանոթ խաղ է սա:

***

Խակ պտուղը մի  հաշվի,

Ճիշտ խոսելուց մի քաշվի,

Սարը մի բուռ կդառնա,

Արդար խոսքը չի մաշվի:

***
Ինձ որ տեսավ՝ կուժը թողեց,
Սրտնեշաղ էր՝ փուշը թողեց,
Ու երբ ընկանք սիրո խոսքով՝
Համբուրելիս ՝ թուշը թողեց:

...
Քամին  գալիս՝ ծոցդ բացում,
Ներս է մտնում ծածուկ-ծածուկ,
Ինձ համար է, որ դառնում է
Մի անառիկ բերդ ու բարձունք:
...
Եա էն տղի հավանն եմ,
Սիրեմ՝ թեկուզ չավ անեն,
Սիրտը հինած խալի է,
Սերս վրան խավ անեմ:
...
Հիվանդ եմ՝ ակը տուր ինձ,
Մրսած եմ, տաքը տուր ինձ,
Եռման թեյն ի՞նչ եմ անում,
Քո սիրո պագը տուր ինձ:
...
Աղջիկը հարս է գնում,
Երեսը պարզ է գնում,
Փոխվում է մինչև տարին,
Շիտակ ու թարս է գնում:
...
Աչքս էն սնկին առավ,
Ծունկս քո ծնկին առավ,
Սիրուն ջան, սրտիս բոցը
Քո ծոցի խնկին առավ:
***
Մի յար ունեմ ՝ մարալիկ,
Շող ու շարմաղ՝ բարալիկ,
Թշերն՝ ալ վարդ, ծոցը՝ ձյուն,
Հոգու արև, սրտի սյուն:

 ***
Լիալուսին լույս տուր ինձ,
Մոլորվել եմ , հույս տուր ինձ,
Էլ ե՞րբ պիտի տեղ հասնեմ,
Ուղիղ ճամփա ցույց տուր ինձ:
***
Դեղնում ես լուսին բոլոր,
Մաղվում ես տարին կլոր,
Ա'խ, ես էլ քեզ նման եմ,
Սիրտս՝ սև, միտքս՝ մոլոր:
 .


...

 Կենտ հավքը ջուխտ է դառնում,

Սիրո կանչն ուխտ է դառնում,

Քոնը՝ փուչ խոսքի շարան,

Թանաք ու թուղթ է դառնում:

...

Հա դես ընկավ, դեն ընկավ,

Բախտը կապին դեմ ընկավ,

Հերսից թողեց տուն ու տեղ,

Գնաց օտար շեմ ընկավ:

...

Տարին եկավ, տարին գնաց,

Չարը արթուն, բարին ՝ քնած,

Սպասեցի զարթնի բարին,

Հույս պահեցի՝ վարի գնաց...

...
Գործս աջ էր՝ ձախ ընկավ,
Սիրտս թեթև վախ ընկավ,
Ուզեցի մի վարդ պոկեմ,
Փուշն իմ թևից կախ ընկավ:


..........


ՕՐՈՐՈՑԱՅԻՆ

Կանաչ սարի տակ,
Ծաղկած ծառի տակ,
Դնեմ օրորոց.
Երկնքի կամար
Կապույտն աստղավառ
Լինի քեզ ծածկոց:

Վարդերը փունջ-փունջ,
Բոլորեմ քո շուրջ,
Իմ լորիկ-լորիկ,
Վարդենին բույր տա,
Հովը համբույր տա,
Անուշ օրորի:

Օրո՜ր նանիկս,
Օրո՜ր ջանիկս,
Քնիր, իմ տղաս,
Արևով լինես,
Խելքի ծով լինես,
Բարով մեծանաս:

Լուսինը նորած
Թող քունը կտրած՝
Լինի պահապան,
Էն քերծ քարայրի
Այծյամներ  վայրի
Հասնեն քեզ, ծիծ  տան:

Ամեն առավոտ
Թռչեն գան քեզ մոտ,
Գան ճլվլալեն,
Քեզ քնից հանեն,
Դառնան խաղընկեր:

Օրո՜ր նանիկս,
Օրո՜ր ջանիկս,
Քնիր, իմ տղաս,
Արևով լինես,
Խելքի ծով լինես,
Բարով մեծանաս:


***
Օրո՜ր, Օրո՜ր,
Դու ալ խնձոր,
Դու շեկ սալոր,
Իմ բալիկ...

Պաղ ջրի ակ
Սրտի երակ,
Իմ բալիկ:
Մոր աչքի լույս,
Հավատ ու հույս,
Իմ բալիկ...




ԿԱՏԱԿԵՐԳԵՐ



-Այ փեսամեր, աչքդ լույս,
Հարս ենք բերել, քելե դուրս,
Տես, ինչ շուշան ենք բերել,
Շեն այգու տունկ ենք բերել,
Քեզ մոմ ու խունկ ենք բերել,
Լույսեր վառող ենք բերել,
Թոռներ շարող ենք բերել,
Խոսող բերան ենք բերել,
Կռվի մերան ենք բերել,
Երեսը բաց ենք բերել,
Ծիծաղ ու լաց ենք բերել...
Ջա՜ն փեսամեր, աչքդ լու՜յս,
Հարս ենք բերել, քելե դուրս...


ԻՐԵՆՔ- ԻՐԵՆՑ

Շվաքն իրենցը,
Նվագն իրենցը...
Չափ տվին՝ իրենք,
Ծափ տվին՝ իրենք,
Իրենք պարեցին,
Իրենք ճառեցին,
Իրար գովք արին
Ու մեծարեցին:


ԿԱՏԱԿԵՐԳԵՐԻ ՓՈՒՆՋ

-1-
Երեսունս բոլորել եմ,
Երկու յար եմ գտել,
Մեկի վիզը ոլորել եմ,
Մեկի՝ վզովն ընկել:

 Մեկին բարձել հոգսերը տան,
Գլխին քար եմ աղում,
Մեկին արել ինձ սիրեկան,
Պահմտոց եմ խաղում:

-2-
Ես ի՞նչ ասեմ
Քո կռվարար զոքանչին,
Որ նման է
Ականջ մտած մի ճանճի,
Ինքը՝ բզզում,
Քեզ չի լսում...

-3-
Տունը՝ սրտաբաց,
Տերը՝ սրտաբաց,
Ափսո՜ս, դռանը
Գամփռ է կապած,

-4-
Վառեց արևն արտը վերի,
Հունձ ենք անում, գործդ տես,
Օրը՝ ցերեկ, գործը՝ թերի,
Հազար աչք է նայում մեզ:

Լուրը հիմա գյուղ է հասել,
Որ իրար հետ մեզ տեսան,
Ա՜խ, ամոթ է, մորս կասեն՝
Ի՜նչ  ջրիկ է ձեր փեսան...

-5-
Դու գնա, կգամ,
Շուտ կգամ,
Մտնեմ շուկա,
Տեսնեմ ինչ կա,
Շուտ կգամ:

Գոգնոց կապեմ,
Եփեմ, թափեմ,
Շուտ կգամ:

Լվացք անեմ,
Ջրից հանեմ,
Շուտ կգամ,

Շոր արդուկեմ,
Ինձ էլ զուգեմ,
Շուտ կգամ:
Դու գնա, կգամ,
Շուտ կգամ.
Մութն ընկնի,
Տալս քնի,
Շուտ կգամ:
.......



***
Պտղել էր ծառն իմ նշի,
Դիպել էր ձեռքն ուրիշի,
Կանգնել էր ճղակոտոր,
Թվաց , թե սիրտս է փշին:
Վերքերը լուռ կապեցի,
Արմատին ջուր կապեցի,
Ճյուղերը ուշքի եկան,
Շունչ առան տերև ու շիվ:

***
Ոսկե հատիկ՝
Հույս-հավատիկ,
Դաշտը հերկեմ
Արև-լուսին
Ու քեզ ձգեմ
Գիրկն ակոսի,
Ծածկեմ հողի
Խաս խալիչով,
Քնես, զարթնես
Գարնան կանչով:
Խմես շողիկն
Արեգական,
Խմես ցողիկն
Անմահական,
Թե որ բարով
Բերքի հասար,
Թող քո մեկը 
Դառնա հազար:


***
Ուրու՜ր, ուրու՜ր,
Ձագերս տու'ր,
Ցրիվ-ցրիվ
Թև ու փետուր:
Քո ձագերուն
Բազեն բանտե,
Քո տեղ ու բուն
Աստված քանդե:
Ապրես լալով,
Կսկծալով,
Արևի տակ՝
Կույր ու անթև...
Քարսի'րտ ուրուր,
Ձագերս տու'ր...
   

........
 
ՀԱՅ ՊԱՆԴԽՏԱԿԱՆ ԵՐԳԵՐԻՑ  

-1-
Աստված քո դուռ քարով շարե,
Է՜յ արնախում, ու՞ր ծվարեմ,
Աշխարհն ամեն առուծախ է,
Հավատի սով, ախ ու վախ է:

Անմարդ սարեր, անբույս  մարգեր,
Չոր ու ցամաք ջրի ակեր,
Ձեռից թողած արտ ու այգի՝
Ինձ պես կորած ոտնատակի:

Թևավոր է սուտը՝ ստով,
Սևավոր է լուսը մութով,
Ցավի աշխարհ, ես շվար եմ,
Ձագերուս հետ ու՞ր ծվարեմ:

-2-



















































Комментариев нет:

Отправить комментарий